Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը նահանջում է

Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը նահանջում է
12.10.2017 | 10:45

Իրաքյան Քրդստանում ու իսպանական Կատալոնիայում քվեարկությունների զգետնող արդյունքները խթանեցին ամենօրյա քննարկումները ու գուշակությունները ակտիվ անջատողականության հաջորդ թեկնածուի: Հանուն արդարության` պետք է ընդունել, որ գոյություն ունեցող սահմանների սակրալ անձեռնմխելությունն արդեն ոտնահարվել է Հարավսլավիայում, Իսրայելի վրա գործադրվող ճնշումներում` իր տարածքում Պաղեստինի պետություն ստեղծելու համար։ Այնուամենայնիվ, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը մինչև վերջերս գերակայում էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա: Քվեբեկի ու Շոտլանդիայի անջատման փորձերը օրինակ դարձան, երբ անջատողականության նկատմամբ միջազգային անհանդուրժողականության համերաշխ մթնոլորտը ազդեց հանրաքվեի արդյունքի վրա: Հարավսլավիայի տրոհումը աջակցող որոշ երկրների համար այդ դիրքորոշումը բացահայտորեն երկակի կանոններով խաղի էր նմանվում: Սակայն քաղաքական անհետևողականության հողի վրա խղճի խայթի ժամանակները վաղուց անցել են: Իշխող պրագմատիզմը ենթադրում է եսասիրության առաջնայնությունը ցանկացած գնով:

Անհետևողականությունն ու երկակի ստանդարտները վաղուց արդեն վերածվել եմ միջազգային քաղաքականության հիմնարար սկզբունքների: Առեղծված է, որ հենց եվրոպական հանրության գոյության հիմքերի երերունությունն է հանգեցնում անջատողական միտումների ուժեղացման: Եթե Եվրամիությունն ունենար համակեցության միավորիչ սկզբունքներ, ոչ Մեծ Բրիտանիան, ոչ այլևայլ «եվրահոռետեսներ» եվրագերությունից դուրս գալու ճանապարհներ չէին որոնի: Բաժանումների կրքի ներկա ուժեղացման գլխավոր պատճառներից մեկը դժգոհությունն է եվրաինտեգրման գործող մեխանիզմներից: Կայսրություններն ու պետությունները քանդվում են, երբ գաղափարական ու գործնական արտոնություններն ու կապերը կորցնում են ուժն ու գրավչությունը:


Ժամանակակից անջատողականության միտումների քննարկման ժամանակ հաճախ են դիմում հարավսլավական արյունոտ բաժանությանը, որ լրացուցիչ փաստարկներ է տալիս նրանց, ովքեր նույնացնում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի քաղաքականությունը «բաժանիր ու տիրիր» տխրահռչակ սկզբունքի պաշտպանների հետ: Սակայն 90-ականների Եվրոպան գիտեր և բաժանման այլ օրինակ` խաղաղ ու փոխընդունելի: Չեխիան ու Սլովակիան գնացին յուրաքանչյուրն իր ճանապարհով, բայց ոչ թե ի վնաս մեկմեկու, այլ` հօգուտ: Բաց սահմաններ, սերտ համագործակցություն ու համակողմանի գործակցություն: Տարօրինակ է, որ չեխ-սլովակյան նախադեպը ուսումնասիրվում ու քննարկվում է շատ ավելի քիչ, քան հարավսլավականը:


Իմ դատողությունները ակադեմիական չեն, այլ ուղղված են անցյալի օրինակների ուսումնասիրությանը` նպատակ ունենալով գտնել հետխորհրդային տարածքի կոնֆլիկտների լուծումները: Բոլորն էլ առավել կամ նվազ չափով հիշեցնում են հարավսլավական ողբերգությունը, բայց հնարավորություն ունե՞ն նրանք անջատման խաղաղ ճանապարհի ընտրության: Թե՞ չկա խաղաղության այլ ճանապարհ` լիակատար ինտեգրումից բացի։ Իսկ գուցե կօգնի ջախջախիչ հաղթանակը նորացած ռազմական բախման մեջ: Սահմանների անձեռնմխելիության տեսության փլուզման սկիզբը մեզ վերադարձնում է Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Ղարաբաղի ապագայի քննարկումներին:
Ցանկացած գնով սահմանների պահպանության բուլդոգային թափի թուլացումը թույլ է տալիս վերսկսել քննարկումը:


Ինչու՞ չհրավիրել միջազգային կոնֆերանս Ղրիմի հարցով` քննարկելով թերակղզու բնակիչների` Ռուսաստանի մաս լինելու ցանկության բոլոր քաղաքական ու իրավական հարցերը: Միանգամայն ակնհայտ է, որ այսօր ղրիմցիների 90 տոկոսը ուզում է ապրել Ռուսաստանի կազմում: Նրանց ձգտումները կհաստատի ցանկացած օբյեկտիվ ուսումնասիրություն։ Եթե այդպես է, ի՞նչ միջազգային քաղաքականություն և ի՞նչ միջազգային օրենք կարող են դիմակայել: Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում գործերը բարդացնում է փախստականների խնդիրը: Սակայն ոչինչ չի կարող որոշվել առանց Վրաստանի, իսկ Վրաստանը համառորեն հրաժարվում է բանակցություններին մասնակցելուց:
Ղարաբաղի խնդիրը բարդ ու բազմաշերտ է` ներառյալ ադրբեջանցի փախստականների վերադարձի հավակնությունները: Որոշ հուսատու գործոն է շարունակվող բանակցությունների փաստը: Հիշատակված բոլոր կոնֆլիկտները (բացառած Ղրիմը) մոտ են հարավսլավական մոդելին, քանի որ բնորոշվում են կողմերի անհաշտությամբ: Այլ է վիճակը Մերձդնեստրում: Այնտեղ հաջողվել է հրադադարը պահպանել քառորդ դար և կառուցել ձևով եվրոպական ու փոխհարաբերությունների փոխշահավետ համակարգ: Մոլդովական կողմը ժամանակ առ ժամանակ ձյութ է խառնում, բայց մարդկանց փոխհարաբերություններն ու փոխադարձ շահերը սովորաբար գերակայում են: Եթե Եվրոպայում ու միջազգային կառույցներոմ ուշադիր վերաբերվեին խնդրի իրավական կողմին և ուսումնասիրեին Չեխիայի ու Սլովակիայի բարեկամական բաժանման նախադեպը, Մերձդնեստրը կարող էր Մոլդովայի հետ ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի ու Ռուսաստանի հետ միաժամանակ: Քիշնևը ավելի շատ հակվում է դեպի արևմտյան աշխարհ, Մերձդնեստրը ռուսական աշխարհի տիրապետության օրինակ է, միասին նրանք կարող էին ամբողջ տարածաշրջանը վերածել ծաղկուն օազիսի: Բայց պայմանը պետք է լինի Մերձդնեստրի անկախության կարգավիճակի նկատմամբ հարգանքը ու նրա ճանաչումը: Ձեռնպահ մնանք վերջնական կանխատեսումներից: Զգուշությունն ու դիվանագիտությունը անհրաժեշտ են այդքան խճճված հարցերի լուծման բոլոր փուլերում: Բայց չտեսնել նոր միտումները և չնախապատրաստվել, միշտ կործանարար է նրանց համար, ովքեր չեն բավարարվում հետնապահի դերով: Եվ Ռուսաստանը հաստատ չի երազում հետնապահ լինել:
Ավիգդոր ԷՍԿԻՆ, REGNUM


Հ. Գ. Իսրայելցի հրապարակախոս ու քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը` թեպետ հպանցիկ, հիմնարար հարց է բարձրացնում: Ի վերջո` միջազգային հանրություն կոչվող անորոշ զանգվածքը անորոշ տարածքով կընդունի՞ տարածքային ամբողջականության նկատմամբ ազգի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը, թե՞ կկառչի սահմանների անձեռնմխելիությունից, որևէ որոշում չի կարողանում կասեցնել իրադարձությունների ընթացքը: Էսկինը ճիշտ է, որ միտումները տեսնել է պետք ու պատրաստվել, բայց ինչու՞ է նրան թվում, որ Ռուսաստանը չի ուզում հետնապահ լինել: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ռուսաստանը երկակի չափանիշներն օգտագործում է` ելնելով իր ազգային շահերից և պաշտպանվելով այն իրողությամբ, որ այդպես են վարվում բոլորը: Այնուամենայնիվ, տրենդը անկասելի փոխվում է` նոր պետությունների առաջացումը այլևս կայսրությունների փլուզման հետևանք չէ, մնում է գիտակցել, որ ճանաչումը կանխում, այլ ոչ թե հարուցում է կոնֆլիկտներ: Եվրոպան, որ տարուբերվում է անջատողականության քամու տակ, անջատվելու ու հատվածավորվելու մի քանի տասնամյակներից հետո վերադառնալու է միավորվելու ու միասնականանալու տրենդին: Տնտեսությունը թելադրելու է իր պահանջները: Անկախանալու ձգտումներ ունեցող եվրոպացի ոչ մի ազգ չունի ֆիզիկական գոյություն պաշտպանելու խնդիր, որ տարանջատում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մյուս կոնֆլիկտներից: Մադրիդը Իսպանիայի մյուս շրջաններից ոստիկաններ էր տարել Կատալոնիա ու քաղաքակիրթ Եվրոպան ուշքի չի գալիս մի քանի ժամյա բռնություններից, իսկ եթե Ադրբեջանը լիներ Եվրոպայում ու ամեն օր կրակե՞ր սահմաներին: Ի՞նչ կաներ Արևմուտքը, եթե Ադրբեջանի հարևանը լիներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ